Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2010

Մեթադոնային փոխարինող բուժումը` արդեն Հայաստանում

Պատմական ակնարկ

Որպես ցավազրկող միջոց, մեթադոնը հայտնագործել են գերմանացի գիտնականներ Բոկմյուլը և Էրխարտը, Գերմանիայում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1941թ. սեպտեմբերի 11-ին այս գիտնականները պաշտոնապես պատենտավորեցին մեթադոնը, սկզբում «Խյոխստ-10820», այնուհետև` «Պոլամիդոն» անվամբ»:1942թ. աշնանն արդեն «Ամիդոն» քողարկված անվան տակ մեթադոնը որպես ցավազրկող նշանակվում էր գերմանացի վիրավոր զինվորներին [1]:

 

Պատերազմի ավարտից հետո, երբ մեթադոնն առաջին անգամ սինթեզած «Ի ֆարբենինդուստրիա» դեղագործական ընկերությունն անցավ դաշնակիցների տիրապետության ներքո և վերակազմավորվեց «Խյոխստ Ա» գործարանի, ամերիկյան հանրահռչակ «Էլի-Լիլի» և բրիտանական դեղագործական ընկերությունները նախաձեռնեցին մեթադոնի խորացված ուսումնասիրություններ: 1947թ. Լեքսինգթոնի` կախվածությունների հետազոտման կենտրոնում Իսբելը և նրա գործընկերները ապացուցեցին, որ մեթադոնը կարող է նշանակվել` մեղմացնելու հերոինից կախվածությամբ հիվանդների զրկանքի համախտանիշը: Հոլիդեյը 1963թ. Վանկուվերում, և ավելի ուշ Դոլն ու Նիսվանդերը 1967թ. Նյու Յորքում ապացուցեցին մեթադոնի` որպես բուժման փոխարինող միջոցի կիրառման հնարավորությունները: Հետագա լայնամասշտաբ հետազոտություններով տրվել են այդ մեթոդի ինչպես կլինիկական գնահատականները, այնպես էլ դեղաբանական և կլինիկական որոշ կարևոր առանձնահատկություններ [1]:

 

1980-ականներից Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում ներերակային եղանակով թմրամիջոցներ գործածողների շրջանում ՁԻԱՀ-ով հիվանդացության դեպքերի պատճառով մեթադոնային փոխարինող բուժումն ավելի մեծ թափ ստացավ և աստիճանաբար ավելի մեծ թվով երկրներում սկսվեց կիրառվել: Հիմնական նպատակը ափիոնատիպ նյութերից կախվածությամբ հիվանդների շրջանում ապօրինի թմրամիջոցների ներարկման դեպքերի էական կրճատումն էր, հետևաբար նաև` արյան միջոցով վարակների տարածման հավանականության հնարավորինս նվազեցումը: 1992թ. ԱՄՆ-ում արդեն գործում էին մեթադոնային բուժման 800-ից ավելի ծրագրեր` ներառելով ափիոնատիպ նյութերից կախվածությամբ գրեթե 120 հազար հիվանդի: Հետագա ուսումնասիրություններով ապացուցվեց, որ փոխարինող բուժումն ափիոնային թմրամոլության գոյություն ունեցող բուժման տարբերակներից ամենաարդյունավետն է: Այժմ փոխարինող բուժման ծրագրեր գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում` Հայաստանին սահմանակից չորս պետություններում:

 

Փոխարինող բուժման արդյունավետությունը

 

Ափիոնատիպ նյութերից կախվածությունը խրոնիկական հիվանդություն է, որը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության` հիվանդությունների միջազգային 10-րդ վերանայված դասակարգչում: Այս հիվանդության առաջացման գլխավոր պատճառը մարդու օրգանիզմում արտադրվող և մարդու վարքը, տրամադրությունն ու շարժառիթները կարգավորող, ինչպես նաև բազմաթիվ այլ կարևորագույն գործընթացներում առանցքային նշանակություն ունեցող էնդոգեն օփիատների` էնդորֆինային համակարգի աստիճանական հյուծումն է: Արտածին օփիատների ամենօրյա ներարկումները բերում են արտադրվող էնդորֆինների քանակության աստիճանական կրճատման, որի պատճառով հիվանդի մոտ անհաղթահարելի հիվանդագին հակում և պահանջ է զարգանում ափիոնատիպ նյութերի նկատմամբ, իսկ վերջիններիս բացակայությունն առաջացնում է ծանր ընթացող զրկանքի համախտանիշ: 

 

Ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների հոգեկան և վարքային շեղումները, ի տարբերություն մյուս հոգեներգործուն նյութերի, ընթանում են ծանր զրկանքի համախտանիշով: Միաժամանակ այս թմրամիջոցները գործածվում են հիմնականում ներերակային ճանապարհով, որին հատուկ է արյան միջոցով տարածվող վարակների, այդ թվում` ՄԻԱՎ վարակի ու վիրուսային հեպատիտների տարածման, երակաբորբերի, գերդոզավորման և այլ բարդությունների մեծ վտանգը:

 

Զարգացած երկրների առողջապահության փորձը ցույց է տալիս, որ ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների դեղաբուժման մեթոդներից լավագույն արդյունքն ապահովվում է այն դեպքում, երբ կիրառվում են ափիոնային ընկալիչների ագոնիստներ, ինչպիսին մեթադոնն է: Իսկ խորհրդային նարկոլոգիայում հոգեմետ դեղերով լայնորեն կիրառվող բուժման մեթոդը (նեյրոլեպտիկներ, տրանկվիլիզատորներ, հակադեպրեսանտներ) այնքան էլ արդյունավետ չէ: Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ խորհրդային նարկոլոգիայում բուժման արդյունավետությունը գնահատվում էր հիմնականում սուբյեկտիվ չափանիշներով` առանց արդյունքների գնահատման միջազգայնորեն ընդունված համաճարակաբանական գործոնների:

 

Իրավիճակը մեր հանրապետությունում

 

Ափիոնատիպ նյութերից կախվածության համախտանիշ ունեցող հիվանդների բուժումն առ այսօր մնում է ամենախնդրահարույց հարցերից մեկը նաև հայրենական նարկոլոգիայում: Այն առավել մեծ սրություն ստացավ վերջին տասնամյակի ընթացքում, երբ ներերակային եղանակով թմրամիջոցներ գործածողների շրջանում դիտվեց ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ով հիվանդացության կտրուկ աճ: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տրամադրած վիճակագրական տվյալները վկայում են, որ, 1988թ.-ից մինչև օրս հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակման գրանցված բոլոր դեպքերի 41,7%-ի պարագայում այս վարակի փոխանցման ուղին եղել է թմրամիջոցների ներերակային գործածումը [2]: Ոչ պակաս կարևորության խնդիր է դարձել թմրամիջոցներ գործածող անձանց շրջանում վիրուսային հեպատիտների (հատկապես` հեպատիտ C-ի), տուբերկուլոզի, վարակային այլ հիվանդությունների ու բարդությունների մեծ հաճախականությունը: Վերջապես չպետք է մոռանալ, որ թմրամոլությունն ինքնին համարվում է սոցիալական, այդ թվում` իրավական ծանր հետևանքների պատճառ:

 

Հաշվարկային տվյալներով` Հայաստանում ներկայումս կա ներերակային թմրամիջոցներ գործածող մոտավորապես 5000 անձ [3]: Ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող 500-ից ավելի հիվանդ այս պահին հաշվառված է նարկոլոգիական կլինիկայում: Սկսած խորհրդային ժամանակաշրջանից, հանրապետությունում ներերակային եղանակով ափիոն օգտագործող թմրամոլների նարկոլոգիական բուժօգնության միակ մոտեցումը ինչպես հիվանդանոցային, այնպես էլ ամբուլատոր պայմաններում անցկացվող, այսպես կոչված` «թմրամիջոցներից զերծ» դետոքսիֆիկացիա էր, որն աչքի չի ընկնում իր բարձր արդյունավետությամբ: Ցավոք սրտի, նման բուժումից հետո ներերակային թմրամիջոց գործածող հիվանդների գերակշիռ մասը կրկին վերսկսում են թմրամիջոցների չարաշահումը: Բազմաթիվ են նաև բուժման մի քանի շաբաթյա ռեժիմին չհետևելու դեպքերը: Կան հիվանդներ, ովքեր բազմիցս ստացել են դետոքսիֆիկացիոն բուժում, սակայն, առանց երկարատև կայուն ռեմիսիայի (ապօրինի թմրամիջոցների գործածման դադար): 

 

Ի հակադրություն և լրացումն արդեն ավանդական դարձած դետոքսիֆիկացիոն բուժման, մեթադոնով փոխարինվող բուժումը կարող է հանդես գալ որպես այլընտրանք: Այդ մասին վկայում են ինչպես կուտակված բժշկագիտական հավաստի տվյալները (ստացված խոշորածավալ կլինիկական փորձարկումների և դրանց մետա-վերլուծությունների արդյունքում), այնպես էլ միջազգային փորձը: Ահա թե ինչու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի` ապօրինի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գործակալությունը և ՄԱԿ-ի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը շուրջ 5 տարի առաջ հանդես եկան համատեղ հայտարարությամբ` ի պաշտպանություն մեթադոնային փոխարինող բուժման` կարևորելով վերջինս դերը ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների առողջական, հոգեբանական և սոցիալական վիճակը բարելավելու ու արյան միջոցով տարածվող վարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի կանխարգելման հարցում [4]: 

 

Ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների մեթադոնային փոխարինող բուժման կազմակերպման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում կյանքի է կոչվել 2009-ին: Իրականացվում է համատեղ` «Հակաթմրամոլային քաղաքացիական դաշինք» հասարակական կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկայի կողմից: Բուժումը կազմակերպվում է նարկոլոգիական կլինիկայում գործող փոխարինող բուժման բաժանմունքում: Հարկավոր է նշել, որ մեթադոնով փոխարինվող բուժումը որպես ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոց, ներկայացված է նաև «2009-2011թթ. ՄԻԱՎ-ի հակազդման ազգային ծրագրում», որի շրջանակներում ակնկալվում է 2011թ. ավարտին ծրագրերում ընդգրկել ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող ավելի քան 400 հիվանդի: 

 

Մեթադոնային փոխարինող բուժման նպատակները

 

Մեթադոնը ափիոնային ընկալիչների սինթետիկ ագոնիստ է, որն ի տարբերություն մնացած ագոնիստների` օժտված է հետևյալ առանձնահատկություններով.

 

  • կարելի է նշանակել ներքին ընդունման (պերօրալ) համար.
  • խմելու համար նախատեսված մեթադոնն առաջ է բերում ափիոնատիպ նյութերի նկատմամբ հակման և զրկանքի համախտանիշի ընկճում 16-ից մինչև 36 ժամվա ընթացքում.
  • խմելու համար նախատեսված մեթադոնը բուժական դեղաչափերով չի առաջացնում էյֆորիա. ավելին, այն արգելակում է այլ օփիատների առաջացրած էյֆորիկ ազդեցությունը.
  • խմելու համար նախատեսված մեթադոնի երկարատև օգտագործման ժամանակ ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդներից շատերի մոտ գրանցվում է հոգեկան գործունեության կայունացում:
  • Մեթադոնային փոխարինող բուժման նպատակներն են`
  • վերացնել կամ հնարավորինս մեղմել ապօրինի ափիոնատիպ նյութերի նկատմամբ հիվանդագին հակումը և դրանց չարաշահումը.
  • նվազեցնել ապօրինի ափիոնատիպ նյութերի առաջացրած առողջական և սոցիալական վնասները.
  • բարելավել ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդների առողջական վիճակը և կյանքի որակը.
  • հասնել հիվանդների հոգեսոցիալական կենսագործունեության հնարավորինս լավագույն մակարդակի:

 

Մեթադոնային փոխարինող բուժման շնորհիվ հնարավոր է դառնում ափիոնատիպ նյութերից կախվածությամբ տառապող հիվանդներին արդյունավետ կերպով տեղափոխել օրինական դաշտ և բուժման ընթացքում աստիճանաբար բարելավելով ու կայունացնելով նրանց առողջական վիճակը` կազմակերպել կամ վերակազմակերպել նրանց առօրյա կյանքը, բարելավել հիվանդի ներընտանեկան վիճակը, զերծ պահել իրավախախտումներից, վերադարձնել ընտանիք, ի վերջո, վերափոխել նրանց վարքը և օժանդակել` դառնալու հանրության լիարժեք անդամ [1]:

 

Մեթադոնային փոխարինող բուժման արդյունքները


Բազմաթիվ երկրներում անցկացված լայնամասշտաբ հետազոտություններով ապացուցվել է, որ մեթադոնային փոխարինող բուժման արդյունքում առաջ են գալիս ապօրինի ափիոնատիպ նյութերի հարուցած վնասի նվազեցման հետևյալ դրական ազդեցությունները`

 

  1. հիվանդների ֆիզիկական և հոգեկան առողջական վիճակի բարելավում` գերդոզավորման, արյան միջոցով փոխանցվող և այլ վարակների ռիսկի նվազեցում, մահացության ցուցանիշների կրճատում, հղիության ելքի բարելավում,
  2. հիվանդների հոգեսոցիալական գործունեության բարելավում, այդ թվում`

    • ինքնագնահատման և արժանապատվության զգացման վերահաստատում,
    • ընտանիքում և համայնքում սոցիալական դերի բարելավում և առօրյա գործառույթներին ավելի ակտիվ ներգրավում,
    • կրթական վիճակի բարելավում կամ ինքնակրթման նախաձեռնություն,
    • աշխատանքային վարքի և կարգապահության բարելավում կամ նոր աշխատանքի ձեռք բերում,
    • ապօրինի թմրամիջոցների գործածում,
    • հանցավոր վարքի մեղմացում, 
  3. բուժման ծախսատարության նվազեցում [1]:

 

Մեթադոնի նշանակման կարգը

 

Ըստ ՀՀ առողջապահության նախարարի 2005թ. հունիսի 2-ի 532 Ա հրամանով հաստատված «Նարկոլոգիական հիվանդների բուժման ստանդարտների» ափիոնատիպ նյութերից կախվածությամբ տառապողների բուժման ընթացքում մեթադոնի նշանակումն իրականացվում է ամբուլատոր ռեժիմով և նարկոլոգի, թերապևտի, նյարդաբանի, արյան ու մեզի ընդհանուր, բիոքիմիական, տոքսիկոքիմիական, ՄԻԱՎ-ի, հեպատիտ C-ի նկատմամբ գերձայնային հետազոտության անցկացման պայմաններում [1, 5]:

 

Նախքան բուժումը սկսելը, ափիոնատիպ նյութերից կախվածություն ունեցող հիվանդը ծանոթանում է պայմաններին, իր իրավունքներին և պարտականություններին, ներկայանում համապատասխան հանձնաժողովի նիստին, ապա կնքում է համաձայնագիր, որից հետո հաշվառվում է փոխարինող բուժման բաժանմունքում, որտեղ անցկացվում է բուժումը: Հաշվառված հիվանդը բժիշկ-նարկոլոգի կողմից նշանակված մեթադոնի դեղաչափը ստանալու նպատակով յուրաքանչյուր օր այցելում է բաժանմունք, որտեղ պարբերաբար ստանում է նաև հոգեբանի, անհրաժեշտության դեպքում թերապևտի, նյարդաբանի խորհրդատվություն անցկացվում, արյան, մեզի և գերձայնային հետազոտություն:

 

Գրականության ցանկ


  1. Պոտոսյան Ա., Սահակյան Ե.«Օփիոիդային թմրամոլության մեթադոնային բուժման կլինիկական ուղեցույց». ՀՔԴ, Երևան 2006:
  2. ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքէջ (www.`rm`ids.`m):
  3. Բեգլարյան Զ. և այլոք.«Թմրամիջոցների վերաբերյալ տարեկան զեկույց, 2008». ՄԱԶԾ/ՀԿԹՀԾ-5, Երևան 2008:
  4. WHO/UNODC/UN`IDS position p`per.«Substitution m`inten`nce ther`py in the m`n`gement of opioid dependence `nd HIV/`IDS prevention», 2004:
  5. «Հայաստանի Հանրապետությունում նարկոլոգիական հիվանդների բուժման ստանդարտները», Երևան 2005:

Հեղինակ. Սամվել Թորոսյան ՀՀ ԱՆ հոգեբուժական բժշկական կենտրոնից,Պետրոս Սեմերջյան ՀՀ ԱՆ հոգեբուժական բժշկական կենտրոնի նարկոլոգիական կլինիկայից
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկում, գնահատում և հաստատում է
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկում, գնահատում և հաստատում է

Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին...

Իրադարձություններ Հայաստանում
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները II մաս

Ըստ DOTS ծրագրի, ուսումնասիրվել են ՏՄ-ով 74 հիվանդների (29 երեխա, 45 չափահաս) հիվանդության կլինիկական ընթացքի առանձնահատկությունները: Նրանք 1998-2007թթ. բուժվել են ՀՀՏԴ-ի մանկական և արտաթոքային բաժանմունքներում...

Վարակաբանություն Նյարդաբանություն
Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիա կամ պտղի ալկոհոլային համախտանիշ

Ալկոհոլային էմբրիոֆետոպաթիաներն առաջանում են, եթե հղիության ընթացքում կինն օգտագործում է էթիլալկոհոլ (էթիլսպիրտ` C2H5OH): Պտղի ալկոհոլային համախտանիշն առաջին անգամ նկարագրել է Լեմոինը (Lemoine Portal, 1968թ.)...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
«ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանս Երևանում
«ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանս Երևանում

2009 թվականի դեկտեմբերի 8-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի (ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի ԿՀԿ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցերը» թեմայով միջազգային կոնֆերանսը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Հարատև կրթության կազմակերպումը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում

2005թ. Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` պատասխանատվություն ստանձնելով դառնալ եվրոպական բարձրագույն կրթական կազմավորվող տարածքի մի մասը...

Հրատապ թեմա Հայաստանում
Մեղվաբուժություն` ապիթերապիա
Մեղվաբուժություն` ապիթերապիա

Միայն բնությունն է բուժում այն դեպքում, 

եթե նրան տրված է այդ հնարավորութունը:

Հիպոկրատ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բժշկության պարադոքսների ոլորտից

Բնության հակասությունները մեր կողմից դեռևս չբացահայտված օրինաչափություններ են:

Հակասության ազդեցությունից կարելի է խուսափել, եթե նրա ծագման պատճառներին տիրապետելու միջոց գտնես...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Աշխարհում
Մեր երախտավորները: Հայրենադարձ բժշկի երկրորդ կյանքը (Գարեգին Ամատեանի ծննդեան 120-ամեակի առթիւ, 1888-1982)
Մեր երախտավորները: Հայրենադարձ բժշկի երկրորդ կյանքը (Գարեգին Ամատեանի ծննդեան 120-ամեակի առթիւ, 1888-1982)

Հասարակական և գրական աշխարհում` բազում գրքերում, հանդէսներում եւ առանձին յօդուածներում հանդիպում ենք բժշկագիտութեան թեկնածու, հոգեբոյժ, թմրաբոյժ, բանաստեղծ, ազգագրագէտ, մանկավարժ, հասարակական գործիչ...

Հայ բժիշկերի կյանքից
Թոքերի քաղցկեղը հնարավոր է ճանաչել հոտով

Թոքերի քաղցկեղից աշխարհում տարեկան մահանում է 1,3 մլն մարդ, քանի որ հիվանդությունը հաճախ ուշ է ախտորոշվում, երբ հաջող բուժման շանսերն այդ փուլում կտրուկ նվազած են լինում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
Մկնային լեյկոզի վիրուսը` շագանակագեղձի քաղցկեղի պատճառ
Մկնային լեյկոզի վիրուսը` շագանակագեղձի քաղցկեղի պատճառ

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը: Ամեն տարի այն 250000 մարդու կյանք է խլում: Ամերիկացի գիտնականների կարծիքով դրա պատճառը, հավանաբար, մկների լեյկոզն է...

ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Հոբելյանական տարեթվեր

1735թ., 275 տարի առաջ, Նոր Ջուղայում ծնվել է XVIII դարի ճանաչված բժիշկ Պետրոս Քալանթարյանը: 1751թ. մեկնել է Ռուսաստան, մինչև 1760թ. ապրել Աստրախանում...

Բժիշկներ
Հարյուր հայ հոգեբույժներ Կենսագրական բառարան գիրք Դ
Հարյուր հայ հոգեբույժներ Կենսագրական բառարան գիրք Դ

Հոգեբույժ Հարություն Մինասյանի «100 ՀԱՅ ՀՈԳԵԲՈՒՅԺՆԵՐ» շարքի Ա, Բ գրքերը (2002, 2004, 2005) ջերմորեն ընդունվեցին մասնագետների կողմից, ինչը խթան հանդիսացավ հեղինակի համար գրելու նաև այս` թվով Դ գիրքը...

Պատմության էջերից
Իմունային համակարգ
Իմունային  համակարգ

Այս հոդվածը նպատակ ունի ընթերցողին ծանոթացնելու մարդու իմունային համակարգին, որի շնորհիվ մեր օրգանիզմն օժտված է հակազդելու մի ամբողջ շարք` մասնավորապես բակտերային, վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների և դրանցից պաշտպանվելու հատկությամբ` իմունիտետով...

Իմունաբանություն
Պզուկներ սկիզբը` 2009-ի N4-ում
Պզուկներ սկիզբը` 2009-ի N4-ում

Յուրատեսակ պայմաններում գոյանում են պզուկների նաև այլ ձևեր (նորածնային, կայծակնային, քլորային, դեղային, յուղային, արևային և այլն)...

Մաշկաբանություն Դեմքի խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ